ՍԻՄԷՈՆ ԼԵՀԱՑԻՆ ԵՒ ՀԱՅՈՑ ԿԱՐԳԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ.
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՊԱՏԿԵՐԸ 17-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԻ ՈՒՂԵԳՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ
ՊԵՏՐԱ ԿՈՇՏԱԼՈՎԱ
Երուսաղէմի նկարագրութիւնը Սիմէոն Լեհացու «Ուղեգրութիւնում» արտացոլում է մի կողմից քրիստոնեաների համար ամենասրբազան քաղաքի մտապատկերը (աստուածաշնչեան տեսանկիւնից), եւ միւս կողմից օսմանեան սանջակների եւ քաղաքների զարթօնքը, ժամանակակից Երուսաղէմի գունառատ նկարագիրը: Սիմէոնն իր ընթերցողին է ներկայացնում Երուսաղէմի եւ նրա շրջակայքի պատկերը, որ տատանւում է աստուածաշնչեան Պաղեստինի, կաթի եւ մեղրի «Աւետեաց երկրի» եւ իր սեփական աչքով տեսած ամէնօրեայ իրականութեան միջեւ: Երուսաղէմ քաղաքը Սիմէոնի համար խորհրդանշում է իր ամենաբաղձալի երազանքի լրումը, որ «անհաւատների ձեռքն է անցել... մեր մեղքերի պատճառով»: Այդուհանդերձ, Երուսաղէմը պատկերուած է որպէս էութիւն Հայոց «կարգի», Առաքելական Եկեղեցու նուիրապետական կարգի, հետեւապէս` ամէն ինչի, նոյնիսկ որպէս գոյութեան երաշխաւոր:
Ընդհանուր առմամբ, կարելի է պնդել, որ Սիմէոն Լեհացու տեքստը շատ կարեւոր աղբիւր կարող է համարուել հայագիտութեան դաշտում, եւ մասնաւորապէս հետաքրքիր` այն հետազօտողների համար, ովքեր կենտրոնանում են Օսմանեան կայսրութեան մէջ Հայկական հարցի շուրջ: Քանի որ Սիմէոնը Ուղղափառ կայսրութեանը հարեւան Կաթողիկէ աշխարհից է, ունի իր իւրայատուկ տեսակէտը օսմանեան հասարակութեան եւ նրա շերտաւորման վերաբերեալ: Իր ճանապարհորդութեան ընթացքում (1608-1618) նա մի քանի տարի անց է կացրել Օսմանեան կայսրութեան տարածքում, այսպիսով` նրա տեքստը կարող է համարուել որպէս թանկարժէք տեղեկութեան աղբիւր ոչ միայն պատմաբանների, այլ նաեւ ազգաբանութեան եւ պատմական մարդաբանութեան բնագաւառների հետազօտողների համար: Սիմէոնի աշխատութիւնը Լեհաստանի Առաքելական հայերի գրական ժառանգութեան վերջին կոթողներից է, բայց դրա կարեւորութիւնը աշխարհով մեկ տարածուած հայկական սփիւռքի համար անվիճելի է: Սիմէոնի «Ուղեգրութիւնը» արժէքաւոր պատմական աղբիւր է` յատկապէս ամէնօրեայ իրականութեան պատկերման տեսանկիւնից: Պէտք է հաշուի առնել, որ այս ձեռագիրը չի պատուիրուել որեւէ բարձր տեղից. «Ուղեգրութիւնը» գրուած է Սիմէոնի սեփական նախաձեռնութեամբ: «Ուղեգրութեան» ամենակարեւոր մասերը պատմական սկզբնաղբիւրի տեսանկիւնից արտացոլում են այնպիսի դէպքեր, ինչպիսիք են ջելալինների ապստամբութիւնները Արեւելեան Անատոլիայում եւ այսպէս կոչուած «Մեծ չուն» (օսմանեան թուրքերէնով`büyük kaçgün)` գիւղացիների զանգուածային գաղթը դէպի քաղաքներ` ջելալինների արշաւանքներից պաշտպանուելու նպատակով: